Լրահոս

08.02.2012 17:33


Կարմիր գեղը կարող է Թեղուտի ճակատագրի՞ն արժանանալ

Կարմիր գեղը կարող է Թեղուտի ճակատագրի՞ն արժանանալ

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ, ըստ ականատեսի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել, և հնարավոր է, որ այդ տարածքին սպառնա Թեղուտի ճակատագիրը։

–Չգիտեմ՝ ինչ անուն տամ՝ ոսկու տե՞նդ, թե՞ այլ բան, միգուցե խուճապի հետևանք է, որ այսպես փորձում ենք Հայաստանի ամբողջ ընդերքը դատարկել, բայց այդպես ուղղակի վաղվա սերունդի ժառանգությունը, ներեցեք, խժռում ենք այսօր,– նշել է Սաֆարյանը՝ այս հարցով դիմելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։

Նախարարը նշել է, սակայն, որ կոնկրետ հիշյալ տարածքի մասին նա տեղեկատվություն չունի, բայց կհետաքրքրվի ու առաջիկա երկու օրվա ընթացքում անձամբ կհաղորդի այդ մասին։ Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ եթե նույնիսկ ինչ–որ որոնողական կամ երկրաբանական աշխատանքներ են տարվում, դրանք ոչ մի կերպ չեն ենթադրում ծառահատում, ոչ էլ բնությանն այլ կերպ են վնասում։

–Շահագործման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, իսկ թե ո՞ր կազմակերպությունն է ուսումնասիրություններ արել և ի՞նչ կարգով ու ի՞նչ արտոնագրի պարագայում՝ ես ձեզ խոստանում եմ, որ 1-2 օրվա ընթացքում անձամբ կզանգեմ ու այդ տեղեկատվությունը կտրամադրեմ ձեզ։

Սաֆարյանի ճշտող հարցին՝ արդյոք նախարարը տեղյակ չէ՞ «Վալեքս» ընկերությանն այդ տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր շնորհելու մասին, Հարությունյանը պատասխանել է.

–Ես նման տեղեկատվություն չունեմ. նման մրցույթ չի իրականացվել, և նման հատկացում չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը